Մենք Հայաստանում պետք է սկսեինք և շարունակական դարձնեինք հայ մտավոր ուժի «գույքագրումն» ամբողջ աշխարհում։ Դա կբերեր համակարգային փոփոխություններ համազգային մեր հետաքրքրությունների և շահերի ասպարեզում։
Բայց ո՞վ պիտի աներ այդ համակարգային փոփոխությունը Հայաստանում․ իշխանությունները...
Ցավոք, մենք ականատեսը եղանք 30 և ավելի տարիների ընթացքում պետական համակարգի փլուզման գործընթացին և սփյուռքի հետ համազգային, ազգանպաստ ծրագրերի խափանման:
Այս համակարգումը և, այսպես կոչված, հայ մտավոր ուժի «գույքագրումն» ամբողջ աշխարհում անելու համար պետք է ստեղծել մի Համազգային Մարմին, և մեր ունեցած մտավոր և նյութական կարողությունները կենտրոնացնել Հայաստանում:
Բարձր աշխատավարձով ապահով ապրող Հայ մարդը, որ իր կյանքը օտար երկրին է ծառայեցնում, բնավ պատիվ չի բերում նրան, իսկ եթե ավելի խորը դիտարկենք, նաև հոգեկան բավարարություն չպիտի բերի:
Աշխարհում գուցե և ծաղրում են մեզ, որ այսքան տաղանդավոր ու շնորհալի հայ ազգը շարունակում է օտար երկրում ծառայի կարգավիճակով բարձր պաշտոններ զբաղեցնել պարզապես իր բարեկեցիկ կյանքի համար, իսկ Հայրենիք պետությունը թողնում է վտանգի մեջ:
Բայց չէ՞ որ այդ տաղանդը նրանք ժառանգել են իրենց Մեծ Ծնողից՝ Հայ Ազգից:
Հարստությունը, փառքն ու պաշտոնը և դրանց բերած բարեկեցությունը ժամանակավոր երևույթներ են:
Պատմության անհիշելի ժամանակներից որքան թագավորներ են գահընկեց եղել, և որքան մեծահարուստներ են սնանկացել:
Միայն ազնիվ ու իմաստուն և հայրենանվեր արքաներն ու մտածողներն են պահել իրենց արժանավոր անունը:
Պարզվում է օտարները մեզ ավելի լավ են ճանաչել դեռևս հազարամյակներ առաջ:
Ճանաչենք նաև մենք ինքներս մեզ և շարունակենք այդպես ապրել:
Վեցերորդ դարի հռոմեացի պատմիչ Պրոկոպիուս Կեսարացին գրել է.
«Հայերը միակ ժողովուրդն են, որոնք իրենց
հոգին կտակում են Աստծուն,
սիրտը՝ ընտանիքին,
մարմինը, կյանքը՝ Հայրենիքին»:
«Հայն այն ազգն է, ում համար սերն ու արարումն իրենց կյանքի իմաստն են»:
«Հայն այն ազգն է, որը, ըստ ավանդության, առաջինը ապստամբեց մարդկության թշնամի բռնակալ Բելի դեմ և վերջ դրեց նրա բռնությանը»:
«Հայն այն ազգն է, որի համար պատերազմը համախմբվելու ժամանակն է, իսկ խաղաղ ժամանակաշրջանը՝ ստեղծագործելու և արարելու»:
Մենք այս բոլոր հատկանիշները միշտ ենք դրսևորել,
վկան մեր տաղանդներն ու հանճարներն են,
վկան պատերազմների ժամանակ մեր միաբանվելն է:
Միաբանվենք և հիմա, սիրելի՛ հայեր,
մեր թշնամիները հենց դա՛ չեն ուզում:
Մենք հո մեր թշնամին չե՞նք․․․
Դարեր հետո էլ թող օտար բանիմաց մարդիկ վավերացնեն այս փաստերը:
Մենք դա կարող ենք:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ